Քրիստոնեության ընդունումը որպես պետական կրոն Հայաստանում
Հայաստանը առաջինն էր, որ 301 թվականին Քրիստոնեությունը հռչակեց որպես պետական կրոն: Այդ գործում բացառիկ դեր են խաղացել Տրդատ Գ թագավորը /287-330/ եւ Հայոց առաջին հայրապետ Սբ. Գրիգոր Լուսավորիչը /301-325/:
Հայ պատմագրության համաձայն, երբ 287 թվականին Տրդատը հռոմեական զորքի օգնությամբ վերադառնում է Հայաստան վերագրավելու իր հոր գահը, ճանապարհին զոհեր է մատուցում Անահիտ հեթանոսական աստվածուհու մեհյանին: Իր զինակիցներից Գրիգորը քրիստոնյա լինելով հրաժարվում է զոհ մատուցել: Այդ ժամանակ Տրդատին հայտնի է դառնում նաև, որ նա իր հոր` Խոսրով Բ-ին սպանող Անակ իշխանի որդին է: Տրդատը հրամայում է նրան գցել Արտաշատի ստորերկրյա բանտը, որ սահմանված էր մահապարտների համար: Նույն թվականին Տրդատը երկու հրովարտակ է արձակում: Առաջին հրովարտակով հրամայում է Հայաստանի մեջ գտնվող քրիստոնյաներին կապած արքունիք բերել եւ նրանց ունեցվածքը բռնագրավել, իսկ երկրորդով մահապատիժ է սահմանում քրիստոնյաներին թաքցնողների համար:
Ազգային ավանդությունը Հայաստանում քրիստոնեության պետական կրոն հռչակումը սերտորեն կապում է Սուրբ Հռիփսիմյանց կույսերի նահատակության հետ: Սրանք հռոմայեցի կույսեր էին, որ փախչելով Դիոկղետիանոս կայսեր հալածանքներից գալիս են Արեւելք, երկրպագում Փրկչին և հաստատվում Վաղարշապատ մայրաքաղաքի մոտ: Տրդատը հմայված Հռիփսիմե կույսի գեղեցկությունից, ցանկանում է ամուսնանալ նրա հետ, սակայն մերժվելով հրամայում է բոլոր կույսերին նահատակել: Կույսերի եւ հատկապես Հռիփսիմեի նահատակությունը հոգեկան հզոր ցնցումներ է պատճառում Տրդատին, որ հոգեկան ծանր հիվանդություն է ստանում: 5րդ դարում ժողովուրդը այդ հիվանդությունը բնորոշում էր խոզակերպությամբ եւ Տրդատին քանդակագործության մեջ պատկերում խոզակերպ:
Թագավորի քույր Խոսրովիդուխտը մի քանի անգամ երազ է տեսնում թե Տրդատին կարող է բուժել միայն բանտարկված Գրիգորը: Վերջինս ազատվելով բանտարկությունից հանդիսավորապես ընդունվում է Վաղարշապատում: Գրիգորը նախ ամփոփում է նահատակ կույսերի աճյունները, ապա 66 օր քարոզում քրիստոնեության մասին ու բժշկում Տրդատ թագավորին: Թագավորը եւ ողջ արքունիքը քրիստոնյա են դառնում և քրիստոնեությունը հռչակվում է որպես պետական կրոն: