Հայոց Ցեղասպանություն
“Ցեղասպանություն” տերմինը գիտական և քաղաքական լեքսիկոնում առաջին անգամ հայտնվել է 1944 թ.-ին` Ռաֆաել Լեմկենի կողմից: Նա նոր եզրույթը կիրառեց 20-րդ դարի առաջին ցեղասպանությունները` Հայոց Ցեղասպանությունը Օսմանյան Կայսրությունում և Հրեական Հոլոքոստը Ֆաշիստական Գերմանիայում, բնորոշելու համար: Ըստ Լեմկենի, այս հրաշավոր դեպքերը նոր ֆենոմեն էին մարդկության պատմության մեջ և կարիք ունեին գիտական բնորոշման:
Առաջին համաշխարհային պատերազմի նախօրեին Օսմանյան կայսրությունում ապրում էին երկու միլիոնից ավել հայեր: Շուրջ մեկուկես միլիոն հայ սպանվեց, իսկ մնացյալ հատվածը կամ բռնի կերպով մահմեդականացվեց, կամ տեղահանվեց 1915-1923թթ.:
Երբ սկսվեց Առաջին համաշխարհային պատերազմը, երիտթուրքական կառավարությունը, փորձելով կանխել թուլացած Օսմանյան կայսրության փլուզումը, որդեգրեց պանթուրքիզմի քաղաքականությունը: Վերջինս ենթադրում էր հսկայածավալ Թուրքական կայսրության ստեղծում, որը, տարածվելով մինչև Չինաստան, իր մեջ կներառեր Կովկասի, Միջին Ասիայի բոլոր թրքալեզու ժողովուրդներին: Ծրագրի իրականացման կարևոր նախապայմաններից մեկն էր բոլոր ազգային փոքրամասնությունների թրքացումը: Հայ բնակչությունը ամենամեծ խոչընդոտն էր այս ծրագրի իրականացման ճանապարհին: Թեև հայերի բնաջնջումը ծրագրավորվել էր դեռևս 1911-1912 թթ., երիտթական կառավարությունը որպես հարմար առիթ գտավ Առաջին համաշխարհային պատերազմի սկիզբը` իրագործելով այն:
1915թ. ապրիլի 24-ին Կոստանդնուպոլսում ձերբակալվեցին և ոչնչացվեցին հարյուրավոր հայ մտավորականներ, որով և սկսվեց հայ բնակչության բնաջնջման առաջին փուլը: Այսոր աշխարհասփյուռ հայերը ապրիլի 24-ը հիշատակում են որպես Հայոց ցեղասպանության զոհերի ոգեկոչման օր:
Հայոց ցեղասպանության իրագործման հաջորդ փուլը իրականացվեց շուրջ 60.000 հայ տղամարդկանց զորակոչմամբ թուրքական բանակ, որոնք ավելի ուշ զինաթափվեցին ու սպանվեցին իրենց թուրք զինակիցների կողմից:
Հայոց Եղեռնի երրորդ փուլը բնորոշվում է կանանց, ծերերի, երեխաների ջարդով և տեղահանությամբ դեպի սիրիական անապատ: Տեղահանության ընթացքում հարյուր հազարավոր մարդիկ սպանվեցին թուրք զինվորների, ոստիկանների, քրդական ավազակախմբերի կողմից: Շատերը մահացան սովից և համաճարակային հիվանդություններից: Հազարավոր կանայք ու երեխաներ ենթարկվեցին բռնության և տասնյակ հազարավոր մարդիկ բռնի մահմեդականացվեցին: